ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Վիշտը խեղճանում է հպարտության զգացումի առջև»

«Վիշտը խեղճանում է հպարտության զգացումի առջև»
09.06.2014 | 19:33

Հունիսի 8-ի առավոտյան Փարիզի հիվանդանոցներից մեկում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից անժամանակ հեռացավ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտում «Տիգրան Մեծ» աշխարհազորի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանը:

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը irates.am-ի հետ զրույցում Սմբատ Այվազյանի մասին ասաց հետևյալը. «Սմբատ Այվազյանին ես ճանաչել եմ 1991 թվականից: Այն ժամանակ մենք չենք ունեցել անձնական մտերմություն: Մտերմությունը սկսվեց բանտից, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ ինքը նստած էր՝ որպես քաղբանտարկյալ: Այնտեղ ես ավելի մոտիկից ճանաչեցի, հայտնաբերեցի Սմբատի մարդկային լավագույն գծերը: Եթե շատերը ձեռք բերեցին գեներալի, ակադեմիկոսի կոչումներ, ապա Սմբատը ձեռք բերեց Մարդ կոչումը: Երբ ճանաչեցի նրան, համոզվեցի, թե որքան պարզ, անմիջական հայ մարդ էր, խորապես հայրենասեր: Նա մեզնից հեռացավ ֆիզիկապես, և մեր վիշտը, որքան էլ խոր լինի, խեղճանում, կուչ է գալիս հպարտության զգացումի առջև: Երբ հայ ժողովուրդը օրհասական վիճակում էր, Սմբատն իր «Տիգրան Մեծ» աշխարհազորով դուրս եկավ թշնամու դեմ և Արցախյան ազատամարտում մեր հաղթանակի մի զգալի բաժինը նրա շնորհիվ ենք ձեռք բերել: «Տիգրան Մեծ»-ը ամենամեծ զորամիավորումն էր: Սմբատը ապացուցեց, որ ազատ ապրելու համար պետք է պայքարել և իր կյանքն էլ դրան նվիրեց: Նա անժամանակ հեռացավ մեզնից: Պետք է մոռանանք կեղծ հերոսներին ու կեղծ գեներալներին, որպեսզի մեր ժողովուրդն ունենա ապագա: Եվ մենք պետք է շարունակենք Սմբատի գործը, ինչպես ազատագրեցինք Արցախը, այնպես էլ պետք է ազատագրենք Հայաստանը»:

Դիտվել է՝ 1597

Մեկնաբանություններ